Գյումրեցի «պապիկներիծեծի» գործով երեք երիտասարդներն ազատ կարձակվեն․ սահմանվել է գրավի չափը
Քիչ առաջ տեղեկացանք, որ «Դիմադրություն» շարժման երեք երիտասարդներ, ովքեր ձերբակալված էին գյումրեցի «պապիկներին» ծեծի ենթարկելու գործով, ազատ են արձակվելու գրավի դիմաց: Տեղեկությունը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց նաև գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ նշելով, որ դատարանը տղաներից յուրաքանչյուրի համար գրավի արժեք է սահմանել 15000000 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հանրահավաք անցկացնելու նպատակով Գյումրի երթով հասած «Դիմադրություն» շարժման մի խումբ երիտասարդների և Գյումրիի Երևանյան խճուղում կանգառի մոտ կանգնած տարեցների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։ Ընդդիմադիրներն էլ միջադեպը ներկայացնելիս պատմում են, որ սադրանք է տեղի ունեցել, իրենց հասցեին տարեցները տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, հավկիթներով հարվածել։ Գործով 7 մեղադրյալ կա, որոնցից 5-ը կալանավորվեցին: