ՄԱԿ-ը մաքուր, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը մարդու համընդհանուր իրավունք է հայտարարել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, որը մաքուր, առողջ եւ կայուն շրջակա միջավայրի հասանելիությունը մարդու համընդհանուր իրավունք է հայտարարել:
Բանաձեւը, որը հիմնված է անցյալ տարի Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված նմանատիպ տեքստի վրա, կոչ է անում պետություններին, միջազգային կազմակերպություններին եւ բիզնեսին ակտիվացնել բոլորի համար առողջ միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է «պատմական» որոշումը եւ ասել, որ ուղենշային իրադարձությունը ցույց է տալիս, որ անդամ երկրները կարող են միասին պայքարել կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի եւ աղտոտման մոլորակային ճգնաժամի դեմ:
Նա հավելել է, որ որոշումը կօգնի նաեւ պետություններին արագացնել իրենց պարտավորությունների իրականացումը շրջակա միջավայրի պաշտպանության եւ մարդու իրավունքների ոլորտում։
«Միջազգային հանրությունը համընդհանուր ճանաչում է տվել այս իրավունքին եւ մեզ էլ ավելի է մոտեցրել այն բոլորի համար իրականություն դարձնելուն»,- ասել է նա:
Գուտերեշն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, բանաձեւի ընդունումը «միայն սկիզբն է», եւ կոչ է արել երկրներին այս նոր ճանաչված իրավունքն «իրականություն դարձնել բոլորի համար եւ ամենուր»։