Սյունիքի մարզպետը ծանոթացել է «Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան»-ի վիճակին
Հուլիսի 28-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ այցելել է «Զաքար Խաչատրյանի եւ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան» ու տնօրեն Արեւհատ Ամիրյանի օգնությամբ ծանոթացել թանգարանի շուրջ ստեղծված կացությանը։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։
Տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվեկշռում, համարվում նրա մասնաճյուղը։ 2006 թվականին ՀՀ եւ ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանը հայրական տունը նվիրաբերել է պետությանը` իր եւ ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ (իր եղբայր) Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Սակայն 2016 թվականից սկսված նորոգումը կիսատ մնաց, ու թանգարանը փաստացի չի գործում։
Այս շենքում է Զաքար Խաչատրյանը 1961 թվականին հիմնադրել Սիսիանի մանկական արվեստի ստուդիան, որը Կոջոյանի եւ Մերկուրովի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում։