Սեուլը կոչ է անում խստացնել պատժամիջոցները Փհենյանի դեմ
Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, ավելի կոշտ պատժամիջոցների կբախվի, այդ թվում՝ կիբերհարձակումների համար իր հնարավորությունների զսպմանն ուղղված միջոցների, եթե միջուկային փորձարկում իրականացնի: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Ջինը, փոխանցում է Reuters-ը։
Հյուսիսային Կորեան արդեն իսկ ՄԱԿ-ի տարբեր պատժամիջոցների տակ՝ իր միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ կապված, եի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ամենայն հավանականությամբ, «շատ ավելի ուժեղ» բանաձեւ կընդունի, եթե փորձարկումները շարունակվեն, այդ թվում՝ հաքերների դեմ ուղղված միջոցներ, ասել է նա:
«Անհրաժեշտ է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի՝ արտերկրում գտնվող ՏՏ ոլորտի մասնագետների նկատմամբ, ովքեր գումար են վաստակում անօրինական կիբերհաքերային գործունեության միջոցով»,- ասել է նա։
ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան հազարավոր հաքերների է մոբիլիզացրել՝ միջոցներ գողանալու համար, այդ թվում՝ կրիպտոարժույթներ։ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ մեղադրանքը եւ հայտարարել, որ սպառազինությունների իր ծրագրերը նախատեսված են պաշտպանության համար:
Ամերիկացի մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ կիբերանվտանգության եւ զարգացող տեխնոլոգիաների գծով ազգային անվտանգության խորհրդական Էնն Նոյբերգերը, այս շաբաթ այցելել էին Հարավային Կորեա՝ Հյուսիսային Կորեայի կողմից զենքի փորձարկումներին պատասխանը քննարկելու եւ ապամիջուկայնացման դադարեցված բանակցությունները վերսկսելու ուղիներ գտնելու համար:
Հյուսիսային Կորեան 2006-ից վեց միջուկային փորձարկում է իրականացրել։ Այն նաեւ բալիստիկ հրթիռներ է փորձարկել, որոնք կարող են հասնել մինչեւ ԱՄՆ: