Ինչո՞ւ է «Yan» հյութերի պիտակի տակ թաքնված այլ ապրանքանիշ․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պարզաբանումը
Արդեն քանի օր է` համացանցում տարածվում են տեսանյութեր «Yan» ընկերությանը պատկանող գազավորված հյութերի վերաբերյալ։ Քաղաքացիները նկատել են, որ հյութերի տարաները կրկնակի փաթեթավորում ունեն և «Yan» ընկերության պիտակի տակ թաքնված է այլ անվանումով, բոլորովին այլ ապրանքանիշ, ինչը լայն քննադատությունների առիթ է դարձել։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են քաղաքացիները հեշտությամբ պոկում տարաների վրա փակցրած «Yan» ընկերության ապրանքանիշը և հայտնաբերում բոլորովին այլ ծագման և ընկերության պատկանող ապրանքանիշ։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Tert.am-ին հայտնեցին, որ իրենք տեղյակ են տեղի ունեցածից և խնդրի մասին իմացել են մինչև տեսանյութերի տարածվելը։
«Խնդրի մասին ոչ միայն տեղյակ ենք, այլև մինչև համացանցում տեսանյութերի հայտնվելը արդեն հայտնաբերել էինք խնդիրը և ուսումնասիրել։ Արդյունքում տնտեսվարողը տուգանվել է և պարտավորվել հավաքել հյութերի ողջ խմբաքանակը։ Տնտեսվարողը հայտնել է, որ տարաների ներսում «Yan» ընկերությանը պատկանող հյութերն են եղել։ Հնարավոր է, իսկապես, տնտեսվարողը սպառողին խաբելու նպատակ չի ունեցել, բայց, այնուհանդերձ, դա օրենքի խախտում է, դրա իրավունքը չունեին։ Փաթեթավորումը պետք է լինի մեկը և լինի կոնկրետ ապրանքանիշինը։ Նման դեպքերը սպառողներին կարող են մոլորության մեջ դնել, սպառողը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ, որ դրանք բոլորովին այլ ծագման ապրանքներ են։ Սպառողը պարտավորություն չունի ստուգել՝ արդյո՞ք ներսում «Yan»-ին պատկանող հյութերն են, թե ոչ»,- հայտնեցին Սննդի անվտանգության տեսչական մարմնից։
Հարցին՝ ի՞նչ հիմնավորում է տվել տնտեսվարողը, ինչո՞ւ են տարաները եղել տարբեր, ասացին, որ տարաները գնել են, քանի որ էժան են եղել, սակայն ներսում «Yan» ընկերությանը պատկանող հյութերն են եղել։
Tert.am-ը փորձեց կապ հաստատել նաև «Yan» ընկերության հետ՝ նրանցից ևս պարզաբանում ստանալու նպատակով, սակայն նրանց հետ կապ հաստատեկ չհաջողվեց։
Աղբյուրը՝ tert.am