Նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով 34-ամյա տղամարդ է ձերբակալվել
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարույթային գործողություններ՝ հուլիսի 27-ին Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թ. հուլիսի 27-ին ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կապան քաղաքի 29-ամյա բնակիչն ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն է արել 34-ամյա համաքաղաքացուն, ինչից վիրավորված՝ վերջինս նռնակ է պայթեցրել Երևան-Մեղրի ավտոճանապարհի երթևեկելի մասում: Այնուհետև, 29-ամյա տղամարդը ծեծել է 34-ամյա համաքաղաքացուն:
Նույն օրը Կապան քաղաքի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել վարույթ նախաձեռնող մարմնին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են նռնակի դետալներ, արնանման հետքեր և հագուստ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: