Թուրքիայում գանձախույզների թիրախում է հայտնվել հայկական գերեզմանոցը
Թուրքիայի Բաթմանի նահանգի ջրամբարի շրջակայքում գտնվող բազմաթիվ հայկական գերեզմաններ գանձախույզերի թիրախում են հայտնվել: Թաշլըդերե գյուղի մոտակայքում գտնվող ջրամբարի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ եկած հայկական գերեզմանները ավերվել են: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Հայերի պատկանող բազմաթիվ գերեզմաններ ջրի տակ էին հայտնվել, այն բանից հետո, երբ Բաթմանի ջրամբարում սկսեցին ջուր կուտակել: Վերջին օրերին ջրամբարի ջրերի հետ քաշվելուց հետո նշյալ գերեզմանները ջրից դուրս էին հայտնվել: Գանձախույզները, օգտվելով առիթից, գանձ և պատմական արժեքավոր իրեր գտնելու մտադրությամբ հատուկ գործիքների կիրառմամբ փոս են փորել:
Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի հաղորդմամբ՝ այս շրջանում, որտեղ տարածված են այն խոսակցությունները, որ հայերը մահացածների հետ արժեքավոր իրեր են հուղարկավորել, հայկական գերեզմաններից բացի ավերվում են նաև տեղի եկեղեցիները: Գերեզմանների մոտ քանդված փոսը հայտնաբերած գյուղացիները պատմել են, որ հայկական գերեզմանները ջրի տակ անցնելուց առաջ նույնպես հայտնվել են գանձախույզների թիրախում: Իսկ փոսի մոտ հայտնաբերված ժայռաբեկորը, որի վրա խաչ է եղել պատկերված, գրավել է բոլոր հավաքվածների ուշադրությունը: