ԴՊՀ-ն բարձրացրել է բազային տոկոսադրույքը 0.75 տոկոսային կետով
Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է իր բազային տոկոսադրույքը 0.75 տոկոսային կետով (75 բազիսային կետ)՝ փորձելով զսպել գնաճի 1980-ականներից ի վեր ուժեղագույն աճը:
ԱՄՆ կենտրոնական բանկի ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ տոկոսադրույքների հերթական «անսովոր մեծ» բարձրացումը կարող է տեղին լինել սեպտեմբերին, եթե մինչեւ աշուն տնտեսության վրա գնաճային ճնշումները բավականաչափ չթուլանան, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Գնաճը բարձր է մնում՝ արտացոլելով համավարակի, սննդամթերքի եւ էներգակիրների գների աճի եւ գնային ավելի լայն ճնշումների հետ կապված առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռությունը»,- ասվում է ԴՊՀ-ի՝ բաց շուկայում օպերացիաների հարցերով կոմիտեի որոշման մեջ, որը բարձրացրել է տոկոսադրույքը մինչեւ 2.25 տոկոս - 2.50 տոկոս:
Կոմիտեում հայտարարել են, որ ԴՊՀ-ը շարունակում է «շատ ուշադիր» լինել գնաճային ռիսկերի նկատմամբ: Ջերոմ Փաուելն այս մասին եւս մեկ անգամ ասաց մամուլի ասուլիսին, որը տեղի է ունեցել տոկոսադրույքի բարձրացման մասին Ֆեդերացիայի որոշման հրապարակումից հետո՝ նշելով գնաճի նվազեցման կարեւորությունը։
Փաուելի խոսքով՝ ԴՊՀ-ն գիտակցում է, թե ինչ դժվարություններ է ստեղծում գնաճը սովորական ամերիկացիների համար, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցողների, եւ խոստաել է, որ ԴՊՀ-ն չի թուլացնի գնաճի դեմ պայքարի ջանքերը, քանի դեռ «համոզիչ ապացույցներ» չկան առ այն, որ գների աճի տեմպերը չեն սկսել թուլանալ:
Այս տարի գնաճը հասել է չորս տասնամյակի ամենաբարձր մակարդակին եւ ավելի քան երեք անգամ գերազանցում է կենտրոնական բանկի 2 տոկոս ցուցանիշը:
Չնայած աշխատատեղերի կայուն աճին, Fed-ն ընդգծել է, որ «վերջին ծախսերի եւ արտադրության թվերը նվազել են», ինչը ցույց է տալիս, որ մարտին սկսված տոկոսադրույքի ագրեսիվ աճը սկսել է ազդել տնտեսության վրա:
Այնուամենայնիվ, Փաուելը հայտարարել է, որ ԱՄՆ տնտեսությունը շարունակում է կայունություն ցուցաբերել:
«Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այժմ ռեցեսիայի մեջ է»,- ասել է նա՝ վկայակոչելով գործազրկության մակարդակը, որը շարունակում է մնալ վերջին կես դարի ամենացածր մակարդակի վրա, ինչպես նաեւ՝ աշխատավարձերի եւ աշխատատեղերի թվի կայուն աճը: