Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանգնած է ԽՍՀՄ-ի ճակատագիրը կրկնելու վտանգի առջև
Միացյալ նահանգների համար գլխավոր սպառնալիքը ներքուստ է գալիս, ինչի հետևանքով էլ երկիրը կարող է կրկնել ԽՍՀՄ-ի, Վենեսուելայի կամ Կուբայի ճակատագիրը։ Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ այժմ ԱՄՆ-ում մեծաթիվ խնդիրներ են կուտակվել, որոնց շարքին են դասվում հանցագործությունների թվի աճը, կրթական համակարգում տիրող կոռուպցիան, բյուրոկրատիան, բարձր գնաճն ու միգրանտների հոսքը։ Այս կապակցությամբ Թրամփը խոստացել է շարունակել իր քաղաքական գործուներությունը՝ չնայած «կոռումպացված պետական ապարատի»՝ դրան խոչընդոտելու ձգտումներին։
«Որովհետև, եթե ես դրանով չզբաղվեմ, մեր ազգը դատապարտված կլինի հերթական Վենեսուելան կամ Խորհրդային Միությունը դառնալուն: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ կամ շատ մեծ մասշտաբների Կուբայի վերածվելու ուղղությամբ», - ասել է Թրամփը:՝
Հատկանշական է, որ Վաշինգտոնում կայացած ֆորումի ժամանակ Թրամփի այս ելույթը նրա առաջին այցն էր մայրաքաղաք նախագահական ժամկետի ավարտից ու պաշտոնը Ջո Բայդենին փոխանցելուց հետո։