Ֆիլիպիններում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել․ կա առնվազն մեկ զոհ (լուսանկարներ)
Ֆիլիպինների Լուսոն կղզում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաոագ քաղաքից 83 կմ դեպի հարավ-արևելք, օջախը՝ 5 կմ խորության վրա։
Ցունամիի վտանգի մասին առայժմ չի հայտարարվել, սակայն հայտնի է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ։ Ինչպես գրում է Manila Times թերթը, Ռիսկերի նվազեցման ու աղետների հետևանքների վերացման ազգային խորհուրդն արդեն հաստատել է երկրաշարժի հետևանքով մի տղամարդու մահվան փաստը։ Հայտնի է, որ խոսքը Բենգետ նահանգից մի շինարարի մասին է, սակայն նրա մահվան հանգամանքները չեն հաղորդվում։
Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ երկրաշարժի հետևանքով կան տապալված ծառեր, քանդված ճանապարհներ ու թեքված շինություններ։
Միջադեպից հետո մայրաքաղաք Մանիլայի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքները։ Մասնագետները չեն բացառում հետցնցումների հավանականությունը։