Պակիստանում անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 312-ի
Պակիստանում վերջին մեկ օրվա ընթացքում մուսոնային անձրևների և դրանց պատճառով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվն ավելացել է առնվազն 18-ով։ Հունիսի կեսերից երկրում տարերքի զոհերի թիվը հասել է 312-ի, այս մասին երեքշաբթի հայտնել է Express Tribune-ը՝ վկայակոչելով աղետների կառավարման ազգային գրասենյակը։
Չդադարող անձրևները կաթվածահար են արել կյանքը Սինդ նահանգում, որտեղ երկուշաբթի օրը ջրհեղեղի հետևանքով 11 բնակիչ է զոհվել։ Կարաչին և Հայդերաբադ քաղաքում օրական 204 մմ տեղումներ են եղել։ Կարաչիում բողոքի ցույցեր են սկսվել էլեկտրաէներգիայի երկարատև անջատումների, խմելու ջրի բացակայության և իշխանությունների կողմից վատ եղանակից տուժած բնակիչներին օգնության բացակայության դեմ։
Իսլամաբադում և Ռավալպինդում հեղեղվել է մի քանի տարածք, ինչպես նաև միջազգային օդանավակայանի տարածքի մի մասը, ինչը հանգեցրել է թռիչքների դադարեցման։ Ջրհեղեղների պատճառով երթևեկությունը արգելափակվել է Իսլամաբադը երկրի մնացած հատվածի հետ կապող մայրուղու որոշ հատվածներում։
Բելուջիստանում ջրհեղեղը քշել է Կվետա-Կարաչի մայրուղու կամուրջները, որոնցով երթևեկությունը դադարեցվել է 10 ժամով։ Իշխանությունները տարհանում են Խաբ գետի վարարումից ողողված տասնյակ գյուղերի բնակչությանը։
Պակիստանի իշխանությունները զինված ուժերը բերել են բարձր պատրաստվածության՝ ջրհեղեղից տուժած բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերելու համար։