«Վրացական երազանք» կուսակցության նախագահը վիրավորել է լրագրողին
Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վիրավորել է «Մթավարի արխի» լրատվական ընկերության կին լրագրողին։ Պատմում է aliq.ge-ն:
«Կորցրել ես կնոջ դեմքդ։ Մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես, իրո՛ք ամեն ինչով նման ես քո առաջնորդին… Դու Արախամիան ես. ինչպես նա տղամարդ չէ, այնպես էլ դու կին չես, կորցրել ես դեմքդ հանուն ազգային շարժման», - ասել է Կոբախիձեն լրագրողին։
Կոբախիձեն նման կերպ պատասխանել է լրագրողին, երբ վերջինիս նա խնդրել է գնահատել Ուկրաինայի իշխանության ազգությամբ վրացի ներկայացուցիչ Դավիթ Արախամիայի խոսքերը։
«Ես կտրականապես դատապարտում եմ պարոն Իրակլի Կոբախիձեի անբարեխիղճ պահվածքը։ Նման ելույթը հարիր չէ այս երկրին, հարիր չէ մեր մշակույթին, հարիր չէ մեր ավանդույթներին, հարիր չէ մեր քաղաքավարությանը։
Մարդը հազար արժե, դաստիարակությունը՝ տասը հազար։
Սա միայն նրա քաղաքական թուլությունն է ցույց տալիս», - ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։