Հայաստանը կմասնակցի 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին, ընդունվում են մասնակցության հայտեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (“73rd International Astronautical Congress”) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (“Space for All”) խորագրով ցուցահանդեսը:
Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում:
Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ Նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://www.surveymonkey.com/r/NWQPFFG:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է:
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում՝ https://iac2022.org/:
Նշենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը: