Հայ-թուրքական սահմանի հարցում Ադրբեջանին համոզելու մասին լուրերը սուտ են. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Լևենթ Գյումրյուքչյուն, այսօր Բաքվում Թուրքիայի դեսպանատանը հանդես է եկել հայտարարությամբ' հերքելով նախօրեին թուրքական մամուլում տարածված այն լուրերը, թե հայ-թուրքական սահմանը բացելու համար Թուրքիան կփորձի համոզել Ադրբեջանին: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքի' Գյումքյուքչյուն, պատասխանելով այն հարցին, թե ճիշտ են արդյոք լուրերը այն մասին , որ Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանը բացելու համար իրենք կփորձեն Ադրբեջանին համոզել, ասել է. «Այդ լուրերը ճիշտ չեն և պետք չէ կարևորություն տալ դրանց: Մենք այս հարցում գործում ենք Ադրբեջանի հետ համագործակցությամբ և փոխհամաձայնությամբ և ցանկացած զարգացում նրանց հետ քննարկում ենք: Եվ սա պետք է ընկալել, ոչ թե այնպես կարծես մի կողմը մյուսին համոզում է' այլ փոխհամաձայնությամբ արվող աշխատանքներ»:
Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է ղարաբաղյան խնդրի հնարավորինս արագ լուծումը և պատրաստ է անել տարածաշրջանային խաղաղությանը աջակցող ամեն տեսակի քայլ:
Հիշեցնենք, որ երեկ թուրքական առաջատար պարբերականներում տեղեկացնում էին, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջ հանդես գալով անդրադարձել է հայ-թուրքական սահմանի խնդրին և ասել, որ առաջիկայում այցելելու է Ադրբեջան և եթե ստացվի Բաքվին համոզել սահմանի բացման հարցում, ապա կկարողանան անակնկալ մատուցել Հայաստանին: