Ռուսաստանը օդային հարված է հասցրել Օդեսայում ռազմական նավին․ ՌԴ ԱԳՆ֊ն հաստատում է
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանը «Կալիբր» հրթիռներով հարվածել է Օդեսայի նավահանգստում գտնվող ռազմական նավին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Ավելի վաղ Թուրքիան, վկայակոչելով նախարարությանը, հայտարարել էր, որ Ռուսաստանը ներգրավված չէ հարձակմանը։
««Կալիբր» հրթիռները ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքը՝ բարձր ճշգրտության հարվածով ուկրաինական ռազմական նավն ուղարկելով Կիևի ռեժիմի սիրելի հասցեով»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։ Այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանը հարձակվել է նավահանգստի վրա»։
Երեկ՝ հուլիսի 23-ին, Ուկրաինայի կառավարությունը հայտնել էր, որ հրթիռային հարձակում է իրականացվել Օդեսայի նավահանգստի վրա, երկու հրթիռ խոցել են ենթակառուցվածքային օբյեկտները։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ռուս զինվորականներն իրեն ասել են, որ իրենք մասնակից չեն եղել միջադեպին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է հարձակումը՝ հիշեցնելով Ստամբուլում համաշխարհային կազմակերպության՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի կողմից նախկինում ստորագրված «հացահատիկի համաձայնագրի» պայմանների պահպանման անհրաժեշտությունը։ Այս համաձայնագրի համաձայն՝ Օդեսայի նավահանգիստն այն երեք նավահանգիստներից մեկն է, որտեղով հացահատիկ կարտահանվի Ուկրաինայից։