Երեխային առևանգողը իրո՞ք հայրն Է
Իրավապաշտպան Այսեր Իսայանը ոստիկանության Վեդու բաժին հաղորդում է ներկայացրել մեկ տարեկան Անգելինա Վարդանյանի անհետացման մասին: Փոքրիկն անհետացել է Իսայանի ձևակերպմամբ՝բրազիլական կինոյի մոտիվներով:
Ըստ իրավապաշտպանի, երեխայի մայրը՝ Արարտի մարզի Սիսավան գյուղի բնակիչ Լիլիթ Վարդանյանը, վեց ամիս առաջ աղջնակին հանձնել է Եղեգնավան գյուղում բնակվող ընկերուհու՝ Սաթեն Ստեփանյանի խնամակալությանը: Իսկ ինքը մեկնել է արտասահման՝ աշխատելու:
Սաթեն Ստեփանյանն իր երկու երեխաների հետ մեծացրել է նաև Անգելինային: Դժվարությամբ է ոտքի կանգնեցրել, քանի որ ինքն էլ է սոցիալական խնդիրներ ունեցել: Բազմազավակ ընտանիքի ծանր կացության մասին իմացել է «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» ՀԿ-ն, որի ղեկավարը Այսեր Իսայանն է:
Կազմակերպությունն օգնել է ընտանիքին ու պարբերաբար այցելել նրանց: Օրեր առաջ, սակայն, հկ-ի բարեգործական թիմի պատասխանատու Ազո Բրոյանն իմանում է, որ Անգելինան անհետացել է, թե ինչ հանգամանքներում՝ խնամակալ Սաթենի պատմելով՝ երեխայի մոր կողմից ինչ-որ մարդիկ եկել-տարել են նրան:
«Առանց ճշտելու ովքեր են, Սաթեն Ստեփանյանը երեխային հանձնել է օտարներին: Բայց բրազիլական կինոն հետո էր սկսվելու: Սաթենի ասելով, ճանապարհին, անսպասելի ինչ-որ մեքենա է կտրել փոքրիկին տեղափոխող ավտոյի դեմն ու վերցրել Անգելինային: Այդ մասին, չգիտես՝ ինչու, Սաթեն Ստեփանյանը չի դիմել ոստիկանություն: Դա արել եմ ես՝ դեպքի մասին իմանալուց անմիջապես հետո»-պատմում է իրավապաշտպանը:
Երեխայի անհետացման մասին Իսայանը հաղորդում է տալիս ոստիկանության Վեդիի բաժին: Օպերատիվ որոնողական աշխատանքները երկար չեն տևում: Ոստիկանները Անգելինային գտնում են Բուրաստան գյուղում՝ Արտակ անունով ինչ-որ տղամարդու մոտ:
«Արտակ ներկայացած տղամարդը ոստիկաններին ասում է, թե երեխան իրենն է: Բայց, թե ինչպես է դա հիմնավորում՝ պատասխան չկա: Ծննդյան վկայականում երեխայի հայրանունը Արթուր է, հայրությունն էլ ճանաչված չէ: Այդ ի՞նչ հայր է, որ ծնված օրից երեխային չտեսած՝ որոշում է, որ իրենն է: Կամ՝ եթե իր երեխան է՝ ինչո՞ւ էր ուրիշը խնամում: Ինչո՞ւ, և՝որտեղից է ինքը հայտնվել, և ամենակարևորը՝ երեխայի հետ կապված ի՞նչ հանցավոր ծրագրեր ունի, որ նրան իր մոտ վերադարձնելու համար դետեկտիվ կինոյի սցենար է հորինել»:Հարցերի այս շարքը Իսայանը հնչեցրել է նաև ոստիկանների հետ զրույցի ընթացքում:
Վեդիի ոստիկանության տեսուչ Էդվարդ Առաքելյանը Իսայանին հայտնել է, որ երեխան դեռ Բուրաստան գյուղում է՝ հայր ներկայացած տղամարդու մոտ:
«Տղամարդն ասել է՝ հայրությունը հաստատող փաստաթղթերն ավելի ուշ կներկայացնի ոստիկանություն: Բայց դա բավարար չէ, որովհետև մեկ տարի երեխայից անտեղյակ մարդը չէր կարող հանկարծ հայտնվել ու ներկայանալ որպես հայր, և երեխային իր մոտ տեղափոխեր կասկածելի ճանապարհով: Այստեղ մի բան այն չէ. Ոստիկանները լիքը պարզելու բան ունեն: Իսկ ես շարունակելու եմ պնդել, որ Անգելինային տեղափոխեն որևէ խնամքի կենտրոն: Մինչև կպարզեն ով՝ ով է, երեխային պետք է հեռու պահել այդ տղամարդուց»: