Լարսում մեծ հերթեր են. մեքենաները ժամերով խցանման մեջ են հայտնվել. լուսանկարներ
Ստեփանծմինդա-Լարս անցակետի մոտ այս պահին մեծ հերթ է և խցանում: Մեքենաները ժամերով կանգնում են հերթի մեջ, որի վերջը չի երևում: Մենք արդեն 7 ժամ է` խցանման մեջ ենք, իսկ վրացական անցակետին դեռ 2-3 կմ կա:
Նշենք, որ մի քանի օր է` Լարսում թե վրացական կողմից, թե ռուսական կողմից մեծ խցանումներ ու հերթեր են, դրանից առաջ բավականին հեշտ էին անցնում` առավելագույնը 1-2 ժամում: Իսկ հիմա միջինը տասը ժամ է պահանջվում անցակետը հատելու համար, երբեմն` ավելի շատ:
Անցակետը հատող մեքենաների մեծ մասը հայկական համարանիշերով են կամ, եթե ռուսական են, ապա ուղեւորները հայեր են: Տեղ-տեղ հանդիպում են նաև վրացիներ և ադրբեջանցիներ` հայերի հետ նույն հերթի մեջ:
Թե ինչով են պայմանավորված այսպիսի մեծ հերթերը, դեռ պարզ չէ` վրացական անցակետից ոչ ոք չի մոտեցել և որևէ հարցով չի փորձել կամ օգնել, կամ տեղեկացնել, թե ինչ իրավիճակ է անցակետում, երբ կթեթևանան հերթերը: Այս պահին երկու շարքով հարյուրավոր մեքենաներ են կանգնած խցանման մեջ, և մի ժամը մեկ հազիվ մի քանի մետր են առաջ շարժվում: