Ճապոնիան Պուտինին չի հրավիրի Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը. ԶԼՄ-ներ
Ճապոնիան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չի հրավիրի նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը, որը տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի վերջին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է The Mainichi թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սա պայմանավորված է նրանով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով սահմանված պատժամիջոցների շրջանակներում Ճապոնիան արգելել է Ռուսաստանի ղեկավարության ներկայացուցիչների մուտքը։
Իր վարչապետության ընթացքում Աբեն ջերմ բարեկամական հարաբերություններ է հաստատել Պուտինի հետ։ Նրանք ընդհանուր առմամբ հանդիպել են 27 անգամ, միմյանց դիմել «դու»-ով։
Ճապոնիայի կառավարությունը ավելի վաղ հաստատել էր հուլիսի 8-ի հարձակման ժամանակ զոհված Աբեի պետական հուղարկավորությունը սեպտեմբերի 27-ին կազմակերպելու որոշումը։ Արարողությունը, որին կմասնակցեն մեծ թվով օտարերկրյա պատվիրակությունների, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, կանցկացվի Տոկիոյի «Բուդոկան» սրահում՝ Կայսերական պալատի մոտ։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ Տոկիոն 259 երկրից ստացել է գրեթե 1700 հաղորդագրություն՝ կապված նախկին վարչապետի մահվան հետ։ Ցավակցություն են հայտնել Ռուսաստանի նախագահը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, վարչապետ Բորիս Ջոնսոնը և այլք։ Թե կոնկրետ ով է պատրաստվում գալ թաղմանը, դեռ չի հաղորդվում։
Հուլիսի 12-ին Տոկիոյի տաճարներից մեկում տեղի է ունեցել մասնավոր բուդդայական թաղման արարողություն ընտանիքի անդամների, մտերիմ ընկերների և համախոհների մասնակցությամբ: Աբեի մարմինը դիակիզվել է։