ԱՄՆ-ն Ուկրաինային 580 հարվածային անօդաչու սարք կփոխանցի
ԱՄՆ-ն Ուկրաինային 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու սարք կփոխանցի ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին:
«Պաշտպանության նախարարությունն այսօր կհայտարարի այն մասին, որ նրանք Ուկրաինային տրամադրում են մինչև 580 տակտիկական Phoenix Ghost անօդաչու սարք»,- ասել է նա հեռախոսազրույցի ընթացքում:
Անօդաչուների արժեքը կկազմի մոտ 100 մլն դոլար, ասել է Քիրբին։ Ռազմական օգնության փաթեթի մնացած մասը գնահատվում է 175 մլն դոլար, որոնց հատկացումն արտոնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Ինչպես սպասվում է, փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի չորս ռեակտիվ համակարգեր, 36 հազար միավոր հրետանային զինամթերք, հակատանկային սպառազինություն և ավտոմոբիլային տեխնիկա: