«Փաստ». Կարանզայի «ջրի ճամփան»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են փաստում, որ դատաիրավական համակարգում տևական ժամանակ քաոտիկ վիճակ է, իսկ իշխանություններն իրենք էլ դեռ լիարժեք չեն հասկանում, թե ինչ են ցանկանում անել: Մի կողմից՝ խոսում են անցումային արդարադատության հետ կապված որոշակի կտրուկ քայլերի անհրաժեշտության, մասնավորաբար՝ վեթինգի մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ ցանկանում են անել, որ համակարգի փոփոխությունները ուղղված լինեն բացառապես Նիկոլ Փաշինյանի և իշխող քաղաքական ուժի շահերը սպասարկելուն:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ուղղությամբ հերթական կուլիսային գործընթացն են սկսել։ Նախօրեին հաղորդագրություն տարածվեց, որ Հայաստանում է գտնվում «Անցումային արդարադատության միջազգային կենտրոն»-ի (ICTJ) ավագ փորձագետ Ռուբեն Կարանզան։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Կարանզան ՄԻՊ-ից բացի հանդիպել է նաև սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ, ի մասնավորի հետաքրքրվել, թե առաջիկայում ՀՀ Սահմանադրության մեջ ինչ դրույթներ են փոփոխվելու, նաև տվել է համապատասխան ցուցումներ։
Մեր տեղեկություններով, վերջինս Հայաստան է ժամանել, այսպես կոչված, «սորոսական» բլոկի ներկայացուցիչների անմիջական հորդորով ու նախաձեռնությամբ։ Հավելենք, որ սա Կարանզայի հայաստանյան առաջին այցը չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: