Ժիրայր Սեֆիլյանը աղմկահարույց հայտարարություն է արել
Մեղրիի շրջանից ունեմ տեղեկություններ, որ ավտոմոբիլային ճանապարհը ամբողջությամբ պատրաստ է՝ մոտ 42 կմ, Նախիջևանից Օրդուբադ, և ռուսական զորքերն արդեն պատրաստ են հսկողություն իրականացնել,- Factor TV-ի տաղավարում այս մասին հայտարարեց ԱԺ Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։
Նա նաև հայտնեց, որ վերջին շաբաթների ընթացքում ռուսական զորքերը տեղակայվել են նաև Ագարակից դեպի Օրդուբադ ընկած տարածքում, որտեղ հայկական դիրքեր կան։
«Մեր զորքերի անմիջապես թիկունքում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը։ Հետաքրքիրն այն է, որ իրենց տեղակայման շնորհիվ՝ ադրբեջանական դիրքերում մարդ չկա, դատարկ է։ Շատ պարզ է, թե պատճառն ինչն է՝ ռուս-թուրքական սիրախաղը շարունակվում է»,- ասաց Սեֆիլյանը։
Նա ևս մեկ վտանգավոր տեղեկություն հայտնեց։
«Խոսակցություններ կան, որ Մեղրիի շրջանում, մասնավորապես՝ Ագարակը հայաթափելու խնդիր է դրված։ Առաջին հերթին խոսակցություններ են գնում կոմբինատը փակելու մասին։ Մենք գիտենք, որ այնտեղ կոմբինատը 24 ժամ աշխատում է և Ագարակի բնակչությունը հիմնականում ձևավորվել է այդ կոմբինատի շնորհիվ։ Խոսքը վերաբերում է Պղնձամոլիբդենային կոմբինատին, որտեղ նաև ոսկի կա, բայց թաքցնում են և որը թալանում են մեր սիրելի ռուսները»,- նշեց ԱԺ Բևեռի խորհրդի անդամը՝ հավելելով, որ կոմբինատի փակման պատրվակը լինելու է թափոնաջրերը Արաքս գետը լցվելը։
Կոմբինատում 1100-ից ավելի աշխատող կա, այդքան ընտանիք մնալու են առանց աշխատանքի և ստիպված լքելու են բնակավայրը։ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ այսքանով, սակայն, ամեն ինչ չի սահմանափակվելու։
«Այսպես ասած «մեր բանակը» ևս սկսել է շրջանում տեղակայված զորքերի պայմանագրային ծառայողների դուրսբերում, այսինքն, մի քանի հարյուր ընտանիք ևս Ագարակից այդ պատճառով դուրս են գալու։ Սրան զուգահեռ մենք վերջին ամիսներին ականատես ենք եղել մոտ 180 ռուս սպաների ընտանիքների տեղակայմանը Մեղրիի շրջանում, որտեղ դեպի Ագարակ գնացող ճանապարհին նոր քաղաք են ձևավորել։ Այս ամենի հետ զուգահեռ խոսակցություն է գնում 5-7 կմ միջանցքից, իսկ երբ ավտոմոբիլային ճանապարհը գործի Հայաստան-Իրան սահմանակետը փակվելու է։ Այս տեղեկությունը ինձ համար ևս շատ տարօրինակ էր։ Այս տեղեկության իրական լինելու փաստը արձանագրեցի, երբ լսեցի Իրանի այաթոլլահի հայտարարությունը»,- ասաց Սեֆիլյանը։
Նշենք, որ օրեր առաջ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը խոսել էր հայ-իրանական սահմանի մասին և ասել, որ եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականություն տարվի, իսլամական հանրապետությունը դեմ կլինի նման որոշմանը: Այդ սահմանը հաղորդակցության ուղի է, որն արդեն հազար տարեկան է։ Սեֆիլյանը նշում է, որ այս հարցում համընկնում են և՛ Իրանի շահերը, և՛ ԱՄՆ-ի։
«Ես վստահ եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով ռուսական կողմը իր նպատակներին չի հասնելու և այդպես էլ Մեղրին հայափաթելու նպատակին չեն հասնելու։ Սակայն դա չի նշանակում, որ մենք ձեռքներս ծալած պետք է նստենք և սպասենք՝ երբ է աշխարհը հաղթում ռուս թուրքին, որ մենք կարողանանք հանգիստ ապրել մեր տան մեջ։ Այստեղ հայության քաղաքականապես գիտակից շերտը պետք է գիտակցի առաջիկա ժամանակներում համախմբվելու հստակ գաղափարի շուրջ և օր առաջ Երևանում ձևավորելու ազգային ինքնիշխան պետություն»,- ասաց Սեֆիլյանը։