Կենդանիների սննդի պահեստից մինչև խնամքի ու այգու կանաչապատման հարցեր. շրջայց Կենդանաբանական այգում
Հուլիսի 21-ին Երևանի կենդանաբանական այգում շրջայց են ունեցել Երևանի ավագանու Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հայկ Միրզոյանը, հանձնաժողովի անդամներ Իզաբելլա Աբգարյանը ու Քրիստինա Վարդանյանը։
Հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկը բնապահպանությունն է, որի մաս է կազմում նաև Կենդանաբանական այգին իր խնդիրներով։ Այս մասին նշվում է Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջում:
Այցին մասնակցել են նաև Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանը, անդամներից Վահան Հակոբյանը,
Այգու տնօրենի գիտական գծով տեղակալ Աշոտ Ասլանյանը, Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ովքեր ևս Կենդանաբանական այգու կառավարման խորհրդի անդամներ են և Այգու տնօրենի ընդհանուր գծով տեղակալ Հովհաննես Բալյանը։
Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Էդմոնդ Ղազարյանն ուղեկցել է նրանց, ներկայացրել Այգում արդեն կատարված և ընթացող աշխատանքները, առաջնային լուծում պահանջող խնդիրները, ապագա պլաններն ու Այգու զարգացմանն ուղղված ծրագրերը։