ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը՝ Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Երկու օր է՝ համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ անհայտ ազգությամբ մի երիտասարդ, ամենայն հավանականությամբ՝ թուրք, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ կանգնած՝ գայլի ոռնոցներ է արձակում եւ ցույց տալիս թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի ժեստը։ Սա առաջին դեպքը չէ՝ նախորդ դեպքից հետո պետք է ՀՀ ԱԱԾ-ն միջոցներ ձեռնարկեր այս ուղղությամբ, սակայն ոչինչ չի արել։ Մենք 2 օր է՝ փորձում ենք պարզաբանում ստանալ ՀՀ դատախազությունից, ԱԱԾ-ից, ոստիկանությունից՝ ապարդյուն։ Այս կառույցները մեկը մյուսի վրա են գցում եւ հրաժարվում պատասխանել մեր հարցերին։ Զրուցել ենք ԱԺ նախկին փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ։
-Ինչո՞ւ որեւէ պետական կառույց չի արձագանքում Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածին։
-Միտքը, որը գալիս է Ձեր հարցի դրդմամբ, այն է, թե մեզ նման երկրներում ոնց կարելի է ազգային անվտանգությանը դիտողություն անել։ Այսինքն՝ պահպանվել են հին ավանդույթները, գործելակերպը, գաղտնիությունը, հասարակության առջեւ հաշվետվողականության մերժումը։ Միայն երկրի ղեկավարին զեկուցելու արարողակարգն է, ու վերջ։ Խնդիրն այն է, որ մենք 30 տարում չկարողացանք հատուկ ծառայություններ ձեւավորել, որոնք հաշվետու կլինեին հասարակության, քաղաքական ուժերի, ինչպես նաեւ իշխանության առջեւ։
-Տպավորություն է, թե ԱԱԾ-ի եւ նման կառույցների իրավասության մեջ միայն ներքաղաքական խնդիրներն են։ Ո՞ր կառույցը պետք է զբաղվի հասարակության անվտանգության հարցերով։
-Հայաստանի ԱԱԾ-Ն պետք է ընդունի, որ իր անհանգստությունները՝ անվտանգության հետ կապված, իրավունք ունի հայտնելու նաեւ հասարակությանը, լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին եւ այլն։ Եթե այս փոխհարաբերությունները, այս «փոխադարձ ճանաչումը» լինեին, այս վիճակը չէինք ունենա։ Սա շատ լավ առիթ է, ցցուն օրինակ, որպեսզի քննարկում անեն, իրենց կանոնակարգերում, աշխատաոճում փոփոխություններ մտցնեն։ Անվտանգությունն անվտանգության համակարգերի աշխատողների համար չէ։ Անվտանգությունը հասարակության համար է։ Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ-ն պահպանում է իր աշխատակիցների անվտանգությունը։ Իրականում սա հասարակության անվտանգությունն է։
Այս օրինակը պետք է բերի նրան, որ պետք է իրենց թափ տան։ Եվ եթե չկա այդպիսի ստորաբաժանում, ապա արագ ստեղծեն՝ համագործակցելով առաջին հերթին քաղաքապետարանի, ոստիկանության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որովհետեւ դուք բացում եք երկիրն օտարի առջեւ, որը խնդիր ունի՝ ձեզ նվաստացնելու։ Պետք է բազմաթիվ ոստիկաններ տեղափոխեն այդ տարածք եւ իրականացնեն հասարակական կարգի շուրջօրյա պահպանություն, որովհետեւ մենք կարող ենք նաեւ հանդիպել ոչ միայն ազգային թշնամության հողի վրա, այլեւ անդաստիարակության հողի վրա ոտնձգությունների։ Պետական կյանքն աներեւակայելի մասշտաբներ ունեցող բովանդակության աշխատանք է՝ անհատնում, անվերջանալի։ Այսօր դու այս խնդիրն ես լուծում, վաղը՝ մյուսը, գալիս է մի այլ սերունդ՝ մյուսը։ Բայց դրանք ոչ թե ամեն անգամ բացասում են նախորդը, այլ ամբարվում են, ամբողջանում եւ դառնում են մի մեծ աշխատանք, որի անունն է՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն իրենց երկրի տարածքում։ Մենք պետք է մեր աճող սերնդին, մեր երիտասարդությանը ցույց տանք, որ ունենք մի պետություն, որը նրան պաշտպանում է այսպիսի ոտնձգություններից։ Հատուկ ծառայությունների, ոստիկանության խնդիրը ոչ թե օրվա իշխանության անվտանգությունը կամ նրանց կանանց, երեխաների, զոքանչների անվտանգությունն ապահովելն է, այլ առաջին հերթին՝ բոլորիս։ Կարծում եմ նույնիսկ, որ այս երիտասարդն օգտակար ազդանշան տվեց, թե ինչով չի զբաղվում եւ պետք է զբաղվի Հայաստանում Ազգային անվտանգության ծառայությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։