Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի պետական լրատվամիջոցների օգտահաշիվները
Facebook-ը հեռացրել է Աֆղանստանի առնվազն 2 պետական լրատվամիջոցների օգտահաշիվները, հաղորդում է AFP լրատվականը՝ հղում տալով Meta ընկերության տարածած հայտարարությանը, որում նշվում է, որ քայլը համապատասխանում է ԱՄՆ օրենքներին, որոնցում թալիբներին «ահաբեկչական կազմակերպություն» են անվանում:
Թեեւ Meta ընկերությունը չի տրամադրել արգելված լրատվամիջոցների ցանկը, այնուամենայնիվ Աֆղանստանի ազգային ռադիո հեռուստատեսությունը (RTA) եւ պետական «Բախթար» լրատվական գործակալությունը հայտարարել են, որ իրենց օգտահաշիվներն արգելափակված են:
Մասնավոր լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերը, ամենայն հավանականությամբ, չեն տուժել:
«ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ թալիբները ահաբեկչական կազմակերպություն են եւ նրանց արգելված է օգտվել մեր ծառայություններից։ Մենք հեռացնում ենք թալիբների կողմից կամ նրանց անունից ստեղծված հաշիվներն ու արգելում գովասանքը, աջակցությունը եւ նրանց ներկայացնելը», - AFP-ին ասել է Meta-ի ներկայացուցիչը:
Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը քննադատել է ընկերության քայլը՝ ասելով, որ դա ցույց է տալիս ամերիկյան ընկերության «անհանդուրժողականությունը»: