Թուրքիայում մեկնարկել է «Ակկույու» ԱԷԿ-ի 4-րդ էներգաբլոկի շինարարությունը
Մասնագետները Թուրքիայում սկսել են «Ակկույու» ատոմային էլեկտրակայանի չորրորդ էներգաբլոկի շինարարությունը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է թուրքական հեռուստատեսությունը։
Էներգաբլոկի հարթակում տեղի է ունեցել հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը՝ ազդարարելով շինարարության փաստացի մեկնարկը։ Այսպիսով, «Ակկույուն» ձեռք է բերել աշխարհում ամենամեծ միջուկային շինարարության օբյեկտի կարգավիճակ՝ այնտեղ միաժամանակ կառուցվում են բոլոր չորս էներգաբլոկները։
Արարողությանը ներկա են եղել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Ակկույուն» Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Այն կառուցվում է Մերսին նահանգում՝ Ռուսաստանի մասնակցությամբ։ Նախատեսվում է, որ բոլոր չորս էներգաբլոկների գործարկումից հետո, որոնք կհամալրվեն ռուսական առաջադեմ ВВЭР-1200 ռեակտորներով, կայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կվտ/ժամ և կբավարարի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10 տոկոսը։
Ատոմակայանի արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդը՝ 2020 թվականի ապրիլին, երրորդը՝ 2021 թվականի մարտին։ Նախատեսվում է առաջին բլոկը շահագործման հանձնել 2023 թվականին։