Պատերազմն Ուկրաինայում կփոխի զենք գնելու Արեւմուտքի առաջնահերթությունները. Raytheon
Պատերազմն Ուկրաինայում կստիպի աշխարհի կառավարություններին փոխել կողմնորոշումը սովորական սպառազինություններ գնելու ուղղությամբ՝ ի հավելումն հաջորդ սերնդի բարձրտեխնոլոգիական համակարգերի, քանի որ նրանք սկսել են վերագնահատել գլոբալ սպառնալիքները, ասել է աշխարհի ամենամեծ պաշտպանական ընկերություններից մեկի ղեկավարը, տեղեկացրել է FT-ն։
Raytheon-ի՝ Պենտագոնի հինգ խոշոր պաշտպանական կապալառուներից մեկի գործադիր տնօրեն Գրեգ Հեյսն ասել է, որ հաջորդ երկու տարվա ընթացքում սպասում է «գնումների հարցում առաջնահերթությունների փոփոխության», քանի որ կառավարությունները ձգտում են համալրել զենքի հյուծված պաշարները։
«Մեզ ավելի շատ սպառազինությունների սովորական համակարգեր պետք կգան՝ ռուսական ագրեսիան զսպելու համար»,- ասել է Հեյսը՝ ավելացնելով, որ Ռումինիայում, Ֆինլանդիայի տարածքով, սահմանի երկարությամբ կպահանջվեն պաշտպանական համակարգեր, ինչպիսին են Patriot զենիթահրթիռային համալիրները, հակահրթիռային եւ զենիթային համալիրները։
«Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, որ հին տեխնոլոգիաների մի մասը, որոնք ուշադրության կենտրոնում չեն եղել, իրականում դեռեւս կենսունակ են երկրի պաշտպանության տեսակետից»,- ասել է Հեյսը։
Մայիսին ԱՄՆ-ը առաջին անգամ երկու տասնամյակ հետո Raytheon-ի հետ պայմանագիր է կնքել Stinger հրթիռների մատակարարման մասին՝ 624 մլն դոլարով 1 300 հրթիռ գնելով։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կառավարություններին ժամանակ է հարկավոր, որպեսզի արձագանքեն փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտին, այն ժամանակ, երբ պաշտպանական ընկերությունները պետք է պայքարեն մատակարարումների շղթայի լայնորեն տարածվող խնդիրների դեմ, որոնք, ինչպես սպասվում է, կպահպանվեն, համենայն դեպս, մինչեւ այս տարվա վերջ։