Իտալիայի վարչապետը կրկին հրաժարական է տվել
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին կրկին կառավարության ղեկավարի պաշտոնը լքելու դիմում է ներկայացրել։ Վարչապետի հրաժարականի երկրորդ դիմումը երկրի նախագահն ընդունել է Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Իտալիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով։
«Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան այսօր առավոտյան Քվիրինալյան պալատում ընդունել է Նախարարների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Մարիո Դրագիին, ով երեկ Սենատում կայացած քննարկման և քվեարկության մասին հաղորդագրությունից հետո կրկին հայտարարել է իր և իր գլխավորած կառավարության հրաժարականի մասին։ Հանրապետության նախագահն ի գիտություն է ընդունել դա: Կառավարությունը շարունակում է գործել ընթացիկ խնդիրներին լուծում տալու համար»,- հայտնել են Քվիրինալյան պալատից:
Հաղորդվում է, որ քաղաքական գործիչների զրույցը տևել է մոտ կես ժամ։
Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին առաջին անգամ հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ շաբաթ, սակայն նախագահ Սերջիո Մատարելլան չէր ընդունել այն՝ Դրագիին հրավիրելով ելույթ ունենալ խորհրդարանում՝ գնահատելու Հանրապետության Սենատում կայացած հանդիպման արդյունքներից բխող իրավիճակը։