Վարչապետը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի վարչապետին եւ հրավիրել Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին՝ Բելգիայի Ազգային տոնի առթիվ: Նամակում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:
Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:
Այս տարի մարտին Հայաստանի Հանրապետությունն ու Բելգիայի Թագավորությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը ևս մեկ առիթ է գնահատելու ընդհանուր արժեհամակարգի և սկզբունքների վրա հիմնված մեր պարտավորությունները՝ ապագայում ևս զարգացնելու մեր համագործակցությունը, նպաստելու խաղաղության և կայուն զարգացման հաստատմանը Եվրոպական ընտանիքում և ամբողջ աշխարհում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:
Օգտվելով առիթից՝ սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: