Բայդենն ասել է, որ քաղցկեղով է հիվանդացել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ քաղցկեղով է հիվանդացել շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով: Ինչպես Մասաչուսեթս նահանգում իր ելույթի ժամանակ պատմել է ամերիկացի առաջնորդը, Կլեյմոնտ քաղաքում (Դելավեր նահանգում), որտեղ նա իր մանկությունն է անցկացրել, մեծ թվով նավթարդյունահանող գործարաններ են եղել, սառնամանիքների ժամանակ կարիք էր լինում պատուհաններից «բառացիորեն լվանալ նավթի բծերը»։ Փոխանցում է Ռիա Նովոստին:
«Ահա թե ինչու ես և շատ այլ մարդիկ, ում հետ ես մեծացել եմ, ունենք քաղցկեղ: Եվ ահա թե ինչու երկար ժամանակ Դելավերն ուներ քաղցկեղի ամենաբարձր մակարդակը երկրում», – ասել է նա:
Սպիտակ տան մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ Բայդենը նկատի է ունեցել մաշկի քաղցկեղի բուժումը, որը նա ստացել է մինչ պարտականությունների ստանձնումը:
Ինչպես ընդգծում է, New York Post պարբերականը, անցած տարի ԱՄՆ նախագահի բժիշկ Քեվին Օ’Քոննորը հրապարակել է նրա առողջության վերաբերյալ զեկույց, որում չի հիշատակել որևէ օնկոլոգիական հիվանդություն:
Նախքան նախագահությունը Բայդենը հեռացրել է մի քանի ոչ մելանոմային մաշկի գոյացություններ, որոնց առաջացումը Օ’Քոննորը բացատրել է նրանով, որ ամերիկացի առաջնորդն իր երիտասարդության տարիներին շատ ժամանակ է անցկացրել արևի տակ: