Երեւանում վատ աղբահավաքության «էվոլյուցիան» մեկ բակի օրինակով (ֆոտո)
Երեկ հայկական լրատվամիջոցներում լուր տարածվեց այն մասին, որ Երեւանի քաղաքապետարանը չնախատեսված վայրում աղբ թափելու համար 200 000 դրամի չափով տուգանք է սահմանել։ Գովելի է, բայց․․․Տուգանելու որոշումը նորություն չէ։ Գրպանին հարվածելու միտքը առաջացել է դեռեւս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարման շրջանում։ Այսօր էլ գործում է 50 000 դրամի չափով տուգանք։ Սակայն դա հետ չի պահում հակաիրավական գործողություններից։
Քաղաքացիների մի կատեգորիա ուղիղ եւ փոխաբերական իմաստով թքած ունի օրենքների եւ տուգանքների վրա, իսկ իշխանությունը չի շտապում «մտրակ» կիրառել։ News.am-ը բազմիցս գրել է խնդրի մասին եւ մեկ բակի օրինակով ցույց տվել աղբահավաքության «էվոլյուցիան»։
Կասկած չկա, որ մարզերում իրավիճակն ավելի վատ է։
Լուսանկարներում Վերին Շենգավիթի համար երեք տան բակն է։ 5-6 տարի ոչինչ չի փոխվել։ Եթե նախկինում աղբը թափում էին ներսում եւ աղբատարի շուրջը, ապա հիմա աղբատարը փակ է, աղբը «տեղակայված է» հենց բնակիչների պատուհանների տակ։
Նշենք, որ աղբամանները բաց են եւ «բուրում» են։ Ոմանք աղբը թափում են աղբամանի մեջ, ոմանք էլ՝ դրա շուրջը։ Առանձին ուշադրության են արժանի շենքի նկուղները։ Լիարժեք հակասանիտարական վիճակ է տիրում, մտքեր են առաջանում վարակիչ հիվանդությունների մասին։ Եվ սա չափազանցված չէ։ Ինչպես հայտնի է, շատ հիվանդություններ փոխանցվում են միջատների միջոցով, այդ թվում՝ վտանգավոր լեյշմանիոզ հիվանդությունը։ Հենց այդ հիվանդության դեմ պայքարով է քաղաքապետարանը բացատրում Երեւանում շների զանգվածային լիկվիդացիան։
Իսկ մինչ այդ Երեւանի այլ բակերի շատ բնակիչներ բացում են պատուհանները, որպեսզի հովանան՝ ռիսկի դիմելով զգալ աղբամանների «բույրը»։
Աղբյուրը՝ new.am