Զելենսկու կինը ԱՄՆ-ից ՀՕՊ համակարգեր է խնդրել
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, կոչ է արել ԱՄՆ-ին օգնել իր երկրին հակաօդային պաշտպանության համակարգերով։
«Ես խնդրում եմ մի բան, որը երբեք չէի ցանկանա խնդրել: Ես ձեզնից զենք եմ խնդրում, զենք, որը կօգտագործվի մեր տունը պաշտպանելու և այդ տանը կենդանի արթնանալու իրավունքի համար: Ես խնդրում եմ հակաօդային պաշտպանություն համակարգեր»,- ասել է Զելենսկայան։
Նշելով, որ Կոնգրեսը շուտով արձակուրդ է մեկնելու, Զելենսկայան կոչ է արել ամերիկացի օրենսդիրներին արագ լուծել այս հարցը։ ԱՄՆ-ն արդեն խոստացել է Ուկրաինային փոխանցել NASAMS միջին հեռահարության հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։
Զելենսկայան ասել է, որ ինքը օտարերկրյա առաջնորդի առաջին կինն է, ով Կոնգրեսում ելույթ ունենալու հրավեր է ստացել։ Նախօրեին Սպիտակ տանը նրան ընդունել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի հետ։ Մինչ այդ Զելենսկայան հանդիպում է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։