Եթե Կիևը հեռահար զենք ստանա Արեւմուտքից, ռուսական հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները կփոխվեն. Լավրով
Եթե Ուկրաինան հեռահար զինատեսակներ ստանա արեւմտյան երկրներից, ապա ռուսական զորքերի հատուկ օպերացիայի աշխարհագրական խնդիրները կփոխվեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT-ի եւ «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում:
«Այս պահին աշխարհագրությունն այլ է։ Դա միայն ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն չէ, դա նաեւ Խերսոնի մարզն է, Զապորոժիեի մարզը եւ մի շարք այլ տարածքներ, եւ այդ գործընթացը շարունակվում է, ընդ որում, շարունակվում է հետեւողականորեն եւ համառորեն»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ քանի որ Արեւմուտքը, անզոր զայրույթով կամ իրավիճակը հնարավորինս վատթարացնելու ցանկությամբ, ավելի ու ավելի շատ հեռահար զենքեր է ուղարկում Ուկրաինա, օրինակ՝ HIMARS, հատուկ օպերացիայի աշխարհագրական նպատակները ներկայիս գծից էլ ավելի հեռու կշարժվեն:
«Քանի որ մենք չենք կարող թույլ տալ, որ Ուկրաինայի այն հատվածում, որը կվերահսկի Զելենսկին կամ նա, ով կփոխարինի նրան, զենք լինի, որն անմիջական վտանգ կստեղծի մեր եւ իրենց անկախության մասին հայտարարած հանրապետությունների տարածքի համար՝ նրանք, ովքեր ցանկանում են իրենք որոշել իրենց ապագան»,- եզրափակել է նա: