Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին օգոստոսից գազի սպառումը կրճատել 15 տոկոսով
Եվրահանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի անդամ պետություններին առաջիկա ամիսներին գազի սպառումը կրճատել 15 տոկոսով՝ համոզվելու համար, որ Ռուսաստանի կողմից բնական գազի մատակարարման ցանկացած դադարեցում ԵՄ-ում չի հանգեցնի հիմնարար խախտումների արդյունաբերության ոլորտում։
Պլանը կպարունակի նաեւ նախազգուշացում անդամ պետությունների համար, որը կգործի այն ժամանակ, երբ «գոյություն կունենա գազի սուր անբավարարության էական ռիսկ»,- նշվել է հանձնաժողովի հայտարարությունում։
Գազի կրճատումը նախատեսվում է օգոստոսի 1-ից մինչեւ 2023թ. մարտի 31-ը։
Հանձնաժողովը հայտարարել է, որ նպատակն այն է, որպեսզի ապահովվի տնային տնտեսությունների եւ հիմնական օգտատերերի, ինչպիսին են հիվանդանոցները եւ արդյունաբերության կարեւոր ճյուղերը, գազով ապահովումը։
Անդամ պետությունները պետք է մինչեւ սեպտեմբերի վերջ Հանձնաժողովին ներկայացնեն ազգային էներգետիկ պլաններ։
Հանձնաժողովի առաջարկը կքննարկվի ԵՄ-ի նախարարների կողմից հուլիսի 26-ի արտահերթ էնեգետիկ գագաթաժողովում։
Պլանն արդեն արժանացել է որոշ երկրների առարկությանը, որոնք կարծում են, որ իրենց պլանները ԵՄ-ի աջակցության կարիքը չունեն։ Սեպտեմբերի վերջին երկրները պետք է թարմացնեն գազի գծով իրենց պլաններն արտակարգ իրավիճակների համար, որպեսզի ցույց տան, թե ինչպես կարող են հասնել ԵՄ-ի նպատակներին։
Դեմ հանդես եկողներից է Լեհաստանը, որն իր գազի պահեստարանները լցրել է 98 տոկոսով այն բանից հետո, երբ Ռուսաստանը ապրիլին դադարեցրել էր գազի մատակարարումները։ Ամենից քիչ լցված է, օրինակ, Հունգարիայի գազի պահեստարանը՝ 47 տոկոս։
Չափազանց կարեւոր է, որպեսզի բոլոր երկրները գործեն հիմա, այլ ոչ թե սպասեն, մինչեւ որ Ռուսաստանը դադարեցնի մատակարարումները, նշել են ԵՄ-ի պաշտոնյաները։
Արժույթի միջազգային հիմնադրամը անցած շաբաթ նախազգուշացրել է, որ գազի մատակարարումների դադարեցումը կարող է հանգեցնել եվրոպական տնտեսությունների ռեցեսիայի, ինչը կխորացնի գազի ճգնաժամը, որն առաջ է բերել սպառողական հաշիվների կտրուկ աճ։