Բանակցություններն Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև շուտով կվերսկսվեն
Բանակցություններն Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կվերսկսվեն առաջիկայում։ Այս մասին ասել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, տեղեկացրել է Mehr-ը։
Մեկնաբանելով բանակցությունների անցած ռաունդները՝ Քանանին նշել է, որ դրանց արդյունքները դրական են եղել։ «Դրանք ընդհանուր մոտիվացիա եւ ըմբռնում են ստեղծել, որ մենք պետք է շարունակենք այս ճանապարհը՝ ըմբռնման հասնելու համար եւ ձեռնարկենք միջոցներ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերսկսելու համար։ Բարեբախտաբար, երկու մայրաքաղաքներում կարելի է տեսնել մոտիվացիա եւ քաղաքական կամք։ Իրաքի կառավարությունը եւս շարունակում է կառուցողական եւ դրական դեր ունենալ»,- ավելացրել է նա։
«Իրաքի կառավարության եւ Սաուդյան Արաբիայի կառավարության վերջերս տեղի ունեցած խորհրդատվությունները եւ շարունակվող բանակցությունները Իրաքի եւ իսլամական հանրապետության իշխանությունների միջեւ հարմար մթնոլորտ են ստեղծել բանակցությունների հաջորդ փուլի համար, որը տեղի կունենա առաջիկայում»,- ասել է Քանանին՝ ավելացնելով, որ Իրանը հույս ունի, որ բանակցությունները կհանգեցնեն շոշափելի եւ գործնական արդյունքների երկու երկրների հարաբերությունների բարելավման գործում։
Նա նաեւ նշել է, որ բանակցությունների վերսկսման ստույգ ժամանակն առայժմ չի որոշվել։