Կանխիկ դոլարի պակաս ունենք. ՀՀ-ում կա 2-3 բանկ, որոնք ԱՄՆ–ից կանխիկ դոլար են բերում և վաճառում մյուս բանկերին. Պարսյան
Հանքարդյունաբերության ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, գների աճ կա եւ դրա հաշվին է, որ մեր երկրի արտահանումը աճ է գրանցել: Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, «Դրամի գերարժևորման և կանխիկ շրջանառության սահմանափակումների խնդիրները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Այս իրավիճակը նման է 2000-ականների վիճակին, երբ Հայաստան մեծ քանակությամբ դոլար էր գալիս շինարարության ոլորտ: Կհիշեն շատերը, որ դոլարի փոխարժեքը հասավ ընդհուպ մինչեւ 300-310 դրամի: Այն ժամանակ ԿԲ նախագահը Տիգրան Սարգսյանն էր, որը շատ գեղեցիկ ներկայացնում էր, որ դա շատ լավ է, մեր տնտեսությունը շուտով արտադրողականության թռիչք է ապահովելու: Բայց իրականության մեջ ոչինչ էլ չունեցանք: Հիմա էլ նմանատիպ իրավիճակ է: Իշխանությունը կարող է ներկայացնել, որ տեսեք, փող ենք բերել, ուզում ենք ծախսել, իսկ դուք բողոքում եք այդ փողից: Փող չկա՝ բողոքում եք, փող կա՝ բողոքում եք»,-ասաց նա:
Սուրեն Պարսյանը նկատեց, որ երբ խոսվում է, որ տրանսֆերտները մեծ ազդեցություն ունեն սպառման ծավալների վրա, դրանով, ըստ էության, ջուր ենք լցնում ԿԲ-ի ջրաղացի վրա. «Վիճկագրության համաձայն 2022-ի հունվար-մայիսին մանրածախ առեւտուրն աճել է ընդամենը 1,8 տոկոսով: Լավ, եթե այդքան տրանսֆերտ է եկել, այդքան գումար է մտել Հայաստանի տնտեսություն, տուս տուրսիտներ են եկել, մանրածախ առեւտրի էական աճ չենք ունեցել: Մենք ունեցել ենք գների սպեկուլյատիվ աճ եւ այդ գումարներով թանկ ապրանքներ են գնվել: Այնպես չէ, որ պահանջարկն ավելացել է: Այսինքն մարդը էլի երկու հաց է գնել, այնպես չէ, որ փողը շատ եկել է, հիմա սկսել է 4 հաց առնել»,-ընդգծեց Պարսյանը:
Նա անդրադարձավ նաեւ բանկերի կողմից արտարժույթի կանխիկացման դեպքում 3-5 տոկոս միջնորդավճար պհանջելուն՝ նշելով. «ԿԲ-ն իր պատկերացմամբ, ստերիլիզացիա է իրականացնում, երբ օրինակ, կանխիկացման դեպքում 3-5 տոկոս գումար է ուզում: Սրանով ԿԲ-ն ուզում է բանկերի ֆինանսական վիճակը կայունացնի եւ նաեւ որոշակի բյուջե է լցնում: Բայց դա նրան չի հաջողվում, որովհետեւ հստակ է, որ մենք կանխիկ դոլարի պակաս ունենք տնտեսության մեջ: Դա պայմանավորված է նրանով, որ մեր բանկերը նախկինում իրենց կանխիկ դոլարի խնդիրը լուծում էին ռուսական բանկերի միջոցով: Հիմա ՀՀ-ում կա 2-3 բանկ, որ կարողանում է ԱՄՆ-ից կանխիկ դոլար բերել: Այդ բանկերը դոլարը վաճառում են մյուս բանկերին: Այսինքն այստեղ կա հստակ սպեկուլյացիա դոլարի հետ կապված»: