Իսրայելն ու Մարոկկոն ամրապնդում են ռազմական կապերը
Իսրայելն ու Մարոկկոն ամրապնդում են ռազմական կապերը Ռաբատի մրցակից Ալժիրի հետ լարվածության ֆոնին, գրում է AFP-ն։
Իսրայելի բանակի հրամանատար Ավիվ Կոչավին հանդիպել է թագավորական զինված ուժերի գլխավոր տեսուչ Բելհիր Էլ Ֆարուքի հետ, ասվում է Իսրայելի բանակի հայտարարության մեջ։
Նա նաեւ հանդիպել է Մարոկկոյի պաշտպանության նախարարի պատվիրակ Աբդելլաթիֆ Լուդիի եւ հետախուզության ղեկավար Բրահիմ Հասանիի հետ:
Սա իսրայելական բանակի հրամանատարի առաջին պաշտոնական այցն է հյուսիսաֆրիկյան թագավորություն:
Բանակցությունների ընթացքում մարոկկյան կողմը նշել է «շահագրգռվածությունը Մարոկկոյում արդյունաբերական պաշտպանության նախագծերի համատեղ ստեղծման հարցում»։ «Հանդիպումների ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցության հնարավորությունները՝ ինչպես վարժանքների եւ ուսուցման, այնպես էլ օպերատիվ եւ հետախուզական ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարոկկոն խզել էր հարաբերություններն Իսրայելի հետ 2000-ին՝ պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի սկսվելուց հետո, սակայն 20 տարի անց վերականգնեց դրանք համաձայնագրի շրջանակներում, որի համաձայն Վաշինգտոնը ճանաչեց Ռաբաթի ինքնիշխանությունը վիճելի Արեւմտյան Սահարայի նկատմամբ:
Դրանից հետո երկրները համագործակցության համաձայնագրեր են ստորագրել տարբեր ոլորտներում: Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն անցյալ նոյեմբերին թագավորություն կատարած այցի ժամանակ անվտանգության համաձայնագիր ստորագրեց, որը հեշտացնում է Ռաբաթի համար Իսրայելի պաշտպանական արդյունաբերությունից բարձր տեխնոլոգիական ապրանքների գնումը:
Հյուսիսաֆրիկյան թագավորության հարաբերությունների բարելավումն Իսրայելի հետ ակտիվացրեց նրա երկարամյա մրցակցությունը Ալժիրի հետ, որը անցյալ օգոստոսին խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռաբաթի հետ:
Մարոկկոն Արեւմտյան Սահարան թագավորության անբաժանելի մասն է համարում, մինչդեռ Ալժիրի կողմից աջակցվող ՊՈԼԻՍԱՐԻՈ ճակատն արդեն երկար ժամանակ անկախության հանրաքվեի անցկացում է պահանջում: