Նոր Զելանդիայի կառավարությունը նոր վիզա կգործարկի ներդրողների համար
Նոր Զելանդիայի կառավարությունը նոր վիզա կգործարկի ներդրողների համար, որպեսզի ներգրավի փորձառու եւ խոշոր ներդրողներին՝ ներդրումներ կատարելու տեղի բիզնեսում։
Active Investor Plus նոր վիզան կփոխարինի հին ներդրումային վիզաներին եւ կպահանջի, որպեսզի միգրանտները միջոցներ ներդնեն նորզելանդական ձեռնարկություններում, նշվել է տնտեսական եւ տարածաշրջանային զարգացման նախարար Սթյուարտ Նեշի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ հին վիզաները հաճախ հանգեցրել են այն բանին, որ միգրանտները ներդրումներ են կատարել բաժնեթղթերում եւ փոխառություններում, այլ ոչ թե նորզելանդական ընկերություններում։ «Մենք ցանկանում ենք խրախուսել ակտիվ ներդրումները Նոր Զելանդիայում, որոնք ավելի շատ բարձրորակ աշխատատեղեր կստեղծեն եւ կապահովեն տնտեսական աճ պասիվ ներդրումների համեմատ»,- ասել է Նեշը։
Նոր վիզայի չափորոշիչները ներառում են նվազագույն ներդրումներ 5 մլն նորզելանդական դոլարի (3,1 մլն ԱՄՆ դոլար) չափով, եւ այդ գումարի միայն 50 տոկոսը կարելի է ներդնել բորսայում գրանցված բաժնեթղթերում։ Վիզայի կարգը կգործարկվի 2022թ. սեպտեմբերի 19-ին։