Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ
Սիրիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնում է SANA պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ Ինչպես նշվում է, այդ քայլն արվել է ուկրաինական կողմի գործողություններին ի պատասխան՝ փոխադարձության սկզբունքին համապատասխան։
«Ուկրաինայի կառավարությունը գրեթե խզել էր հարաբերությունները Սիրիայի հետ 2018-ից ի վեր, երբ մերժեց Կիեւում դեսպանատանն աշխատող սիրիացի դիվանագետների մուտքի արտոնագրի երկարաձգումը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Դա անհնարին դարձրեց նրանց դիվանագիտական պարտականությունների կատարումը, եւ Սիրիայի դեսպանատունը ստիպված եղավ դադարեցնել իր գործունեությունը՝ ուկրաինական իշխանությունների թշնամական վերաբերմունքի պատճառով», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարեց Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ առանց հյուպատոսական հարաբերությունների խզման՝ ի պատասխան Դամասկոսի կողմից ինքնահռչակ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ճանաչման որոշմանը։ ԱԳՆ-ի տվյալներով՝ ուկրաինական կողմը Դամասկոսում դեսպանատունը փակել էր դեռեւս 2016-ին, ինչպես նաեւ հրահանգել էր փակել Կիեւում Սիրիայի դեսպանատունը 2018-ին։ Սիրիայում ուկրաինացիների շահերը պաշտպանությունն իրականացնում է Լիբանանում Ուկրաինայի դեսպանատունը: