Բաքվում պետական դավաճանության մեղադրանքով դատում են հավատացյալին
Ավարտվել է Սաբուհի Սալիմովի քրեական գործի նախաքննությունը, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, քրեական գործի նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարան։
Սալիմովը կալանավորվել է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից անցած տարվա հոկտեմբերին։ Դատարանն ընտրել է խափանման միջոց՝ կալանավորում։
Սալիմովը ձերբակալվել է անցած տարվա հոկտեմբերի 20-ին։ Turan-ի տեղեկությամբ՝ նրա ընտանիքը երկար ժամանակ չի կարողացել տեղեկություն ստանալ նրա մասին։
«Հավատացյալին կալանավորել են հոկտեմբերի 20-ին, Հոքմելի գյուղում, նրա դստեր տնից՝ այնտեղ խուզարկություն կատարելով։ Այս մասին ասել է հավատացյալի կինը՝ Ֆաթիմա Սալիմովան։ Նրա խոսքով՝ խուզարկության ժամանակ աշխատակիցները առգրավել են հավատացյալի թոռան բջջային հեռախոսը, համակարգիչը, պլանշետը։ Բացի այդ, խուզարկություն է կատարվել հավատացյալի Բաքվի բնակարանում։ Սաբուհի Սալիմովի հետ միասին կալանավորվել է նաեւ նրա փեսան։ Բայց վերջինին բաց են թողել։ Սալիմովի կնոջ խոսքով՝ հավատացյալը որեւէ կազմակերպության անդամ չէ»,- գրել է պարբերականը։ Այս ընթացքում կալանավորվել են մի քանի շիա հավատացյալներ եւ կրոնական ակտիվիստներ։ Աստվածաբան Սարդար Բաբաեւին նույնպես պետական դավաճանության մեղադրանք է ներկայացվել։