ԵՄ-ն կարևոր դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է ԵՄ-ի կարևոր դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման այլընտրանք չկա։ Ընդ որում, այն պետք է հիմնված լինի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի և ճանաչման վրա։
Մենք ողջունում ենք Շառլ Միշելի ջանքերը՝ ուղղված երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ԵՄ-ին Ադրբեջանի, Հայաստանի և ԵՄ առաջնորդների երեք հանդիպումների համար՝ Հարավային Կովկասի անվտանգ զարգացման և բարգավաճման ուղղությամբ հարցերի կարգավորման համար»,- ասել է Բայրամովը Բրյուսելում ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի արդյունքներով կայացած ճեպազրույցում:
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Թբիլիսիում Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Կողմերը քննարկել էին այս առումով նախկինում ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը և մտքեր փոխանակել հետագա հնարավոր քայլերի շուրջ։