Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը Թեհրանում Աստանայի ձևաչափի գագաթնաժողովի շրջանակներում քննարկում են սիրիական կարգավորման, ղարաբաղյան խնդրի և երկկողմ օրակարգի հարցերը:
«Սիրիական կարգավորման շուրջ բազմաթիվ հարցեր կան, երկկողմ խոստումնալից խոշոր նախագծերը առաջ են գնում, զարգանում: Մեկ այլ կարևոր խնդիր մեր տեսադաշտում է՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս Կասպյան գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգանում են անկախ ամեն ինչից, աճում է ապրանքաշրջանառությունը, ընդ որում՝ շատ զգալի տեմպերով: Պուտինը նաև գոհունակություն է հայտնել, որ գագաթնաժողովի շրջանակներում ինքն ու Էրդողանը երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն ունեն, քանի որ շատ հարցեր են կուտակվել: