ԱՀԿ-ն հայտարարել է COVID-19-ի նոր ալիքի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է COVID-19 նոր ալիքի մասին, որն առաջացել է «Օմիկրոն» շտամի պատճառով, և Եվրոպայի երկրներին կոչ է արել օպերատիվ միջոցներ ձեռնարկել պատվաստումների և դիմակների կրման վերաբերյալ:
«Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակի ենթագծերով, մասնավորապես՝ BA.2 և BA.5։ «Օմիկրոնի» յուրաքանչյուր գերիշխող ենթագիծ ցույց է տալիս փոխանցման հստակ առավելություններ նախկինում շրջանառվող վիրուսների նկատմամբ»,- ասվում է Կլյուգեի երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ:
Նա հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, իսկ անցյալ շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակումների գրեթե կեսը: Կլյուգեն նաև մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ COVID-ը ցրտերի մոտենալուն զուգընթաց ավելի ինտենսիվ կտարածվի: