Ըմբիշ Յուրի Մխիթարյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
Հունահռոմեական ոճի պատանի ըմբիշ Յուրի Մխիթարյանը Զագրեբում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնության 41 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում 2-8 հաշվով զիջելով Ադրբեջանի ներկայացուցիչ Թուրան Դաշդամիրովին: Հայտնում է ArmSport.am-ը։
Մխիթարյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է նիդեռլանդացի ըմբիշին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը նույն հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6-3 հաշվով կամային հաղթանակ է տարել ադրբեջանցի Ալի Նազարովի նկատմամբ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում մրցավայր մեկնած մեր մյուս 3 մարզիկները՝ Դավիթ Սարգսյանը (52 կգ), Սամվել Տերտերյանը (62 կգ) և Արթուր Ամոյանը (68 կգ), գոտեմարտել են բրոնզե մեդալների համար, սակայն որոշիչ գոտեմարտերում պարտություն են կրել:
Ազատ ոճի ըմբշամարտի Մ15 տարեկանների հավաքականն ավելի վաղ 5 մեդալ էր նվաճել ԵԱ-ում: Արծաթե մեդալակիրներ էին դարձել 44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանն ու 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Արմեն Պապիկյանը (38 կգ) և Տիգրան Ըխտոյանը (48 կգ):