Ռեկորդային շոգը ԱՄՆ-ում անտառային հրդեհների պատճառ է դառնում
Մոտ 40 մլն ամերիկացի Միսիսիպիի հովտում եւ հարթավայրերում գտնվում է սպառնալիքի տակ՝ «վտանգավոր եւ ուժեղ» ռեկորդային շոգի պատճառով, որը, ինչպես սպասվում է, այս շաբաթ կտարածվի հարավ-արեւելքում, գրել է Axios-ը։
Ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացում է հրապարակել Տեխասի համար, որոշ նահանգներում բարձր հրդեհավտանգ իրավիճակ է։ Հրշեջներն արդեն պայքարում են 89 խոշոր հրդեհների դեմ 12 նահանգներում։ Երեքշաբթի ամբողջ Օքլահոմայում գործել է չափազանց շոգի մասին նախազգուշացումը՝ առավելագույն 43-45 աստիճան։
Գիտնականները նախազգուշացրել են, որ գլոբալ ջերմացումը, ինչպես նաեւ երաշտները, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, բարձրացնում են ավելի հաճախակի եւ ինտենսիվ հրդեհների վտանգը։ «Ռեկորդային բարձր ջերմաստիճաններ են հնարավոր արեւմտյան Քանզասում, Օքլահոմայի մեծ մասում, Տեխասում, Նյու Մեքսիկոյում եւ արեւմտյան Արքանզասում»,- նշել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։
Եղանակի կանխատեսման NWS կենտրոնի ավագ օդերեւութաբան Թոնի Ֆրակասոն Bloomberg-ին ասել է, որ Տեխասը «հիմնականում շոգի էպիկենտրոնն է»։ Նահանգի էներգահամակարգի օպերատորը մարդկանց խնդրում է էլեկրաէներգիա խնայել տապի պայմաններում։ Նահանգում արդեն երկու խոշոր հրդեհ է մոլեգնում։
Տեխասում, Ալյասկայում անտառային հրդեհներին ավելացել է 70 խոշոր այլ հրդեհ, իսկ Կալիֆոռնիայի եւ Նեւադայի հրշեջները պայքարում էին երեք խոշոր հրդեհների դեմ։
Գործակալության տվյալներով՝ Նյու Մեքսիկոյում, Յութայում եւ Վայոմինգում տեղի է ունեցել երկու խոշոր հրդեհ։ Վայոմինգը, Արիզոնան, Նեբրասկան, Այդահոն եւ Մոնթանան տեղեկացրել են մեկ խոշոր հրդեհի մասին։