Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնը չի տրվի F-16-ի հետ կապված ԱՄՆ որոշ օրենսդիրների «խաղին»
Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնը չի տրվի ԱՄՆ որոշ օրենսդիրների «խաղին», ովքեր դեմ են F-16 ինքնաթիռների հնարավոր վաճառքին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարն այն բանից հետո, երբ Ներկայացուցիչների պալատը օրինագիծ հաստատեց, որը նոր խոչընդոտ է ստեղծում Թուրքիայի կողմից ցանկացած գնման համար, հայտնում է Reuters-ը։
Թուրքիան ցանկանում է Lockheed Martin-ի արտադրության 40 F-16 կործանիչ եւ արդիականացման կոմպլեկտներ գնել: Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կողմ է վաճառքին, մինչդեռ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանը կարծում է, որ գործարքը տեղի կունենա Բայդենի հետ բանակցություններից հետո:
Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատը հաստատեց օրենսդրությունը, որն արգելում է կործանիչների վաճառքն Անկարային, եթե վարչակազմը չհաստատի, որ դա անհրաժեշտ է ԱՄՆ ազգային անվտանգության համար, ինչպես նաեւ չներկայացնի ձեռնարկված կոնկրետ քայլերի նկարագրությունը՝ երաշխավորելու համար, որ դրանք չօգտագործվեն Հունաստանի վրայով կրկնվող չարտոնված թռիչքների համար։
Աքարը երեքշաբթի հայտարարել է, որ վաճառքի շուրջ բանակցությունները շարունակվում են, եւ Թուրքիան ուշադիր հետեւում է գործընթացին՝ հավելելով, որ ԱՄՆ պաշտոնյաները գիտակցում են Թուրքիայի կարեւորությունը՝ «որպես դաշնակից ահաբեկչության եւ միգրացիայի դեմ պայքարում»։
«Մի խումբ օրենսդիրներ պղտորում են ջուրը որոշակի մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության միջոցով,- ասել է Աքարը:- Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն չի տրվի այդ խաղին»:
Աքարը մերժել է ինքնաթիռի հնարավոր վաճառքի ցանկացած նախապայման։ «Չպետք է լինի այնպիսի պայման, ինչպիսին է «ես քեզ կտամ սա, բայց դու պետք է չանես սա,- ասել է նա։- Մենք ցանկանում ենք, որպեսզի հաղթի ողջախոհությունը...»: