Սիրիայի հյուսիսի վրա հարձակումը կվնասի Թուրքիային. Այաթոլլահ Խամենեին՝ Էրդողանին
Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը շատ կարեւոր է, եւ ցանկացած ռազմական հարձակում Սիրիայի հյուսիսում անպայման կվնասի Թուրքիային, Սիրիային եւ ամբողջ տարածաշրջանին, ինչպես նաեւ ձեռնտու կլինի ահաբեկիչներին: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեին Թեհրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։
«Այդ (հարձակումը) անպայման կվնասի Սիրիային, ինչպես նաեւ Թուրքիային եւ տարածաշրջանին։ Դա նաեւ թույլ չի տա իրականացնել Սիրիայի կառավարության քաղաքական միջոցառումները»,- ասել է Խամենեին։
Նրա խոսքով՝ «ահաբեկչությանը պետք է հակազդել, սակայն Սիրիայի վրա ռազմական հարձակումն օգուտ կբերի ահաբեկիչներին»։
Ընդգծելով, որ Իրանը Թուրքիայի եւ նրա սահմանների անվտանգությունն իր սեփական անվտանգությունն է համարում, այաթոլլա Խամենեին ասել է Էրդողանին. «Դուք պետք է նաեւ Սիրիայի անվտանգությունը ձեր անվտանգությունը համարեք։ Սիրիական հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, իսկ Իրանը, Թուրքիան, Սիրիան եւ Ռուսաստանը պետք է լուծեն այս հարցը երկխոսության միջոցով»։