ԱՄՆ-ն 1.3 միլիարդ դոլար կծախսի հիպերձայնային հրթիռներին հետեւելու առաջադեմ արբանյակների մշակման համար
ԱՄՆ-ն 1.3 միլիարդ դոլար կծախսի հիպերձայնային հրթիռներին հետեւելու առաջադեմ արբանյակների մշակման համար, հայտնել են Պենտագոնում՝ հայտարարելով երկու նոր պայմանագրերի մասին, որոնք հայտնաբերման եւ հետագծման համակարգերն ուղեծիր կհասցնեն մինչեւ 2025 թ., հաղորդում է AP-ն:
Տիեզերական զարգացման գործակալության տնօրեն Դերեկ Թուրնիրը հայտարարել է, որ պայմանագրերը 28 արբանյակ են ներառում, քանի որ ԱՄՆ-ն ձգտում է զգալիորեն ընդլայնել եւ բարելավել Ռուսաստանի եւ Չինաստանի «աճող սպառնալիքներին» դիմակայելու իր կարողությունը:
Երկու երկրներն էլ մեծ հաջողություններ են գրանցել հիպերձայնային հրթիռների մշակման գործում, որոնց ավելի դժվար է հետեւել եւ խոցել, քանի որ թռիչքի ժամանակ դրանք ավելի շատ են մանեւրում, քան սովորական զենքերը, որոնք կանխատեսելի հետագծերով են շարժվում:
«Ռուսաստանը եւ Չինաստանը հիպերձայնային պլանավորող մեքենաներ են մշակում եւ փորձարկում՝ ավելի շատ մանեւրելու հնարավորություններով առաջադեմ հրթիռներ,- հայտարարել է Դերեկ Թուրնիրը:- Այդ արբանյակները հատուկ նախագծված են հաջորդ սերնդի սպառնալիքներին դիմակայելու համար, որպեսզի մենք կարողանանք հայտնաբերել եւ հետեւել այդ հիպերձայնային մանեւրող մեքենաներին եւ կանխատեսել դրանց բախման կետը»:
Ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը տրամադրվել է Կոնգրեսի կողմից՝ հատուկ ի պատասխան հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մտահոգություններին եւ Չինաստանի ռազմական արագ զարգացմանը: