ԵՄ-ն խստացնում է «Սբերբանկ»-ի դեմ պատժամիջոցները. Reuters
Եվրամիությունը պատրաստվում է «Սբերբանկ»-ի եւ Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության ղեկավարին ներառել սեւ ցուցակում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը։
ԵՄ արտաքին գործերի ծառայության սեւ ցուցակում ընդգրկված 48 պաշտոնյաների եւ ինը կազմակերպությունների նոր ցուցակում են նաեւ «Գիշերային գայլեր» մոտոակումբի ղեկավարները, դերասաններ, քաղաքական գործիչներ, ՌԴ անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալներ, պատժամիջոցների ենթարկված ռուս գործարարների ընտանիքի անդամներ եւ զինվորականները։
«Սբերբանկ»-ի՝ սեւ ցուցակում հայտնվելը կսառեցնի Արեւմուտքում դրա ակտիվները եւ ամբողջությամբ կկանխի գործարքները, սննդամթերքի եւ պարարտանյութերի առեւտրի ֆինանսական գործարքներից բացի, Reuters-ին ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ռուսաստանի խոշորագույն վարկատուն արդեն բացառվել էր SWIFT բանկային համակարգից։
Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության ղեկավար Անդրեյ Կոզիցինը ներառվել է սեւ ցուցակում, քանի որ նա, որպես ռուս առաջատար գործարար, «զբաղված է համարվում տնտեսության այն ոլորտներում, որոնք եկամտի զգալի աղբյուր են ապահովում պետության համար», ասվում է փաստաթղթում։
Միջոցառումները, ինչպես սպասվում է, կընդունվեն չորեքշաբթի օրը՝ ԵՄ ցուցակում ընդգրկված մարդկանց ընդհանուր թիվը հասցնելով 1229-ի, իսկ ռուսական ընկերությունների թիվը՝ 110-ի: