Մի օր գալու են ասեն՝ սա է, եթե սա չանեինք, ստիպված էինք լինելու Երևանն էլ տալ. Քրիստինե Վարդանյան
Հայաստանի եւ Ադրբեջանի Ագ նախարարների՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը պետք է դիտարկել ավելի վաղ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման, դրանից հետո Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի համատեքստում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, կառավարության շենքի մոտ «Հայաստան» դաշինքի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Տեղի է ունենում կարեւորագույն գործընթաց, որը կանխորոշելու է մեր բոլորիս ապագան: Մենք կարող ենք հասկանալ, որ իր պատմության ընթացքում ծանրագույն, թույլ ժամանակներում Հայաստանըգլխիվայր նետվել է պրոցեսի մեջ՝ նախընտրելով այնտեղ լինել մեկան՝ առանց դաշնակիցների: Օրինակ, երբ Ուկրաինան դժվար պայմաններում ցանկանում է, որ բանակցություններում ինքը լինի դաշնակիցների հետ, ներգրավի տարբեր պետությունների, որպեսզի իր շահը կարողանա ավելի լավ պաշտպանել, Հայաստանը նախընտրում է ինքնագլուխ, «ինչ կուզեմ, դա էլ կբանակցեմ» ասելով, վերելակային պայմանավորվածությունների կոնտեքստում գնալ սեպարատ բանակցությունների: Այստեղ մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական համագործակցված քաղաքականություն եւ հետեւողական իրենց շահերի պաշտպանություն:
Պատկերացրեք, արդյոք կարո՞ղ են այդ բանակցություններում ներգրավված մարդիկ պաշտպանել հայկական շահը: Դուք այդ մարդկանց հետ կգնայի՞ք ձեզ համար կարեւոր բանակցությունների: Վստահ եմ, դրական պատասխանող չի լինի: Հետեւաբար, հայկական շահն այստեղ բացակայում է: Փակ դռների հետեւում ընթանում է գործընթաց եւ իշխանությունները որդեգրեկլ են առանց հանրությանը տեղյակ պահելու, առանց զգուշացնելու, թե ինչ են անում, մարդկանց կհերթական անգամ կանգնեցնել կայացած փաստի առաջ: Մի օր գալու են ասեն՝ սա է, եթե սա չանեինք, ստիպված էինք լինելու Երեւանն էլ տալ: «Դիմադրության» շարժումը նաեւ դրա մասին է, որ չթողնել եւս մեկ անգամ արթնանանք նոյեմբերի 9-ի իրականության մեջ»,-ասաց նա»