ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. պետդեպարտամենտ
Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է, եւ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։ Այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում այդ գործընթացում։ «Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք փոխգործակցել երկկողմ հիման վրա եւ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»։
Նա նշել է, որ վերջին շաբաթներին պետքարտուղար Բլինքենը հնարավորություն է ունեցել շփվելու հայաստանցի եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ «Պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդը եւ այլ անձինք հնարավորություն են ունեցել բարձր մակարդակով շփվել իրենց հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք ողջունել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը։ Մենք նախկինի պես կարծում ենք, որ երկխոսությունը խաղաղ, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, եւ մենք կշարունակենք աջակցել դրան հնարավոր բոլոր եղանակներով»,- նշել է նա։